Նախապատմությունը
Ես Արմեն Գերոնյանն եմ: Կինս՝ Ֆլորենան և ես հանդիսանում ենք «Armen’s Barrels» ՍՊԸ-ի սեփականատերերը։
Ավելի քան 30 տարի համակարգչային ոլորտում աշխատելուց հետո հասկացա, որ հոգեպես այնքան եմ հյուծվել, որ
նույնիսկ մի պարզ աշխատանք անելը, ինչպիսին օրինակ C++ կոդ գրելն է, ինձնից մեծ ջանքեր էր պահանջում։
Վատագույնն այն էր, որ ես չէի կարողանում նույնիսկ ընտանիքիս և ընկերներիս բացատրել, թե ինչու եմ մի ամբողջ
գիշեր անցկացրել Linux-ի մեկ այլ սերվեր կարգավորելու վրա և թե ինչի վրա եմ հիմա աշխատում. ՏՏ մասնագետներն
ինձ լավ կհասկանան ☺
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Ֆլորենան և ես գինու մեծ սիրահար ենք։ Մենք միշտ եղել ենք գինու
ակումբների անդամ, մասնակցել ենք գինու բազմաթիվ շրջագայություններին և այցելել երկրով սփռված շատ
գինեգործարաններ: Գինի ստեղծելու իմ մշտական հոբբին իրական բիզնեսի վերածելու գաղափարը հասունացավ իմ
մտքում աստիճանաբար, և որն էլ անբեկանելի կերպով իրականություն դարձավ 2019 թվականին։
Հիշում եմ, մի անգամ Ֆլորենան հարցրեց ինձ. «Դու ամե՛ն ինչ գիտես համակարգիչների մասին, լավ տիրապետում ես քո
մասնագիտությանը և հաջողակ ես այդ ոլորտում: Հիմա ուզում ես ծախսել մեր ամբողջ խնայողությունը և ավելին,
հսկայական գումար փախառնել՝ սկսելու մի բան, որով նախկինում երբեք չես զբաղվել: Ինչո՞ւ»:
Ես ասացի. «Կարծում եմ, որ ցանկացած բիզնես հաջողում է, եթե այն այնպիսի մարդիկ են վարում, ովքեր մեծ
ոգևորությամբ են զբաղվում այդ գործով։ Ես ինձ ավելի երջանիկ եմ զգում գինի պատրաստելուց, քան համակարգչի
մոնիտորին ժամեր շարունակ նայելուց, իսկ հաջողությունը վաղ թե ուշ գալու է, ներդրված ֆինանսական միջոցները հետ
են վերադառնալու։ Բայց ամենակարևորն այն է, որ ուզում եմ՝ մեր երեխաներն ու թոռները հպարտանան այն ստեղծածով,
որը կարող է շարունակվել մեր գալիք սերունդների համար»:
Առավելագույն չափանիշներին հասնելու նպատակն օգնեց մեզ հանգել մեր գործունեության համար անհրաժեշտ մի շարք
որոշումների: «Armen’s Barrels» ՍՊԸ-ն պետք է ասոցացվի արտադրանքի հնարավորինս բարձր որակի հետ՝ լինի դա
գինի, օղի, թե կոնյակ։ Եվ նման նպատակներին հասնելու համար ես որոշեցի օգտագործել գինի և ոգելից խմիչքներ
պատրաստելու հին դպրոցի, ավանդական մեթոդները; ցուցաբերել յուրօրինակ մոտեցում խաղողի յուրաքանչյուր տեսակի
նկատմամբ, օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ կոնսերվանտներ, հնեցնել գինին տակառներում, հավատարիմ
մնալ վստահելի մատակարարներին, որքան էլ նրանք թանկ արժենան, չ՛խնայել ախտահանման միջոցների վրա, երբ
խոսքը վերաբերում է սարքավորումներին, չ՛խնայել ոչնչի վրա և վե՛րջ: Որովհետև, ի վերջո, պիտակի վրա իմ անունն է
գրված։
Մեր Գաղտնիքը
Տարիներ առաջ, երբ իմ նկուղում 6-գալոնանոց տարաներով գինի էինք պատրաստում, հասկացանք, որ կաղնե
տակառների կիրառումը կարող է պարկեշտ գինին վերածել լավ գինու, իսկ լավ գինին հիանալի գինու: Ի դեպ, դուք
իրավացի եք. չկա ոչինչ, որը կարող է լավացնել վատ գինու որակը։ ☺
Այսպիսով, սա է պատճառը, որ մեր գործարանում արտադրվող յուրաքանչյուր գինի հնանում է կաղնե տակառներում, և
ահա թե ինչու է «տակառ (barrel)» բառը մեր ընկերության անվան մասը կազմում: Երբ այցելեք մեր գործարանը,
կտեսնեք, որ դա է նաև պատճառը, որ մենք ունենք հարյուրավոր տակառներ, որոնք պահվում են վերահսկվող
ջերմաստիճանի և խոնավության պայմաններում: Նույնիսկ մեր ռեստորանի սեղաններն են պատրաստված իսկական կաղնե
տակառներից: Բայց դուք կրկին իրավացի եք. մեր ռեստորանում առկա լուսավորության հարմարանքները պատրաստված
են ոչ իրական կաղնե տակառներից ☺
Մեր Հաջողությունը
Մենք՝ սեփականատերերս, ընդհանրապես հաջողությանը չենք հավատում։ Մենք հավատացած ենք, որ հաջողությունը
նվիրվածության և քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Այնուամենայնիվ, լավ բիզնեսին անհրաժեշտ են ճիշտ մարդիկ, և
մենք մեզ շատ հաջողակ ենք համարում, քանի որ հանդիպել ենք հետևյալ մարդկանց.
Գինեգործության/թորման գործարանի գլխավոր տնօրենը պարոն Չարլզ Բոքստոչեն է՝ Պիտսբուրգի համալսարանի
ինժեներ: Որակի վերահսկման մենեջերը պարոն Ֆիլիպ Էյժակն է՝ նույն համալսարանի մեկ այլ ինժեներ: Երկուսն էլ
դպրոցում սենյակակիցներ են եղել։ Առանց այս երկու պարոնների՝ առանց նրանց աշխատանքի, ազնվության, գիտելիքի և
ստեղծագործելու կարողության, գինու գործարանը և ռեստորանը գոյություն չէին ունենա։
Մեր ռեստորանը
Ինչ վերաբերում է «The LAB» ռեստորանին, ապա մեր առաջին գլխավոր մենեջեր պարոն Արթուր (Ջեյք) Զերբին
«The LAB» ռեստորանում աշխատելու համար աշխատանքի ընդունեց երիտասարդ և եռանդուն մի թիմ՝ ստեղծելով մեր
հաճախորդներին գերազանց սպասարկելու և հանգիստ ու մտերմիկ մթնոլորտում համեղ ճաշելու բոլոր պայմանները։
Վերջին, բայց, իհարկե, ոչ պակաս կարևորն այն է, որ մեր խոհանոցում գլխավորում է շեֆ-խոհարար Դեյվիդ Գալիֆան.
մի մարդ, ով կազմել է մեր առանձնահատուկ բարձրաճաշակ ճաշացանկը և ինչ-որ կերպ ամեն օր, օր առ օր կարողանում
է հասցնել պատրաստել սքանչելի ճաշատեսակներով լի հարյուրավոր ափսեներ: Մեր ռեստորանը բացել է իր դռները մեր
հաճախորդների առջև 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։